Կիրակնօրյա ծառայություն. Հովվական ծառայության կարևորությունը. Նոդար Թադևոսյան

ՆՈԴԱՐ

Հովվական և մնացած բոլոր ծառայությունների մեջ մենք պետք է անենք այն, ինչ մեր Տերն է ուզում:  Մեր ծառայությունը ոչ թե մեր, այլ Նրա արժեքն է, որովհետև առանց ՔՐիստոսի մենք նույն մեղավոր մարդն ենք, ով պիտի մեռներ ճահիճում:

Ուզում եմ խոսել հովվական ծառայության մասին: Այսօր ձեռնադրություն պիտի ունենանք եկեղեցում, և այդ ձեռնադրությունը ոչ թե նրա համար է, որ եղբայրները սկսեն ծառայել, այլ որպես հաստատում է այն ծառայության, որ նրանք արդեն անում են:

Բ Օրինաց 31.7-8 – «Եւ Մովսէսը Յեսուին կանչեց, եւ ասեց նորան բոլոր Իսրայէլի առաջին. Ուժովացիր եւ քաջ եղիր. Որովհետեւ դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Եհովան նորանց հայրերին երդում արաւ որ նորանց տայ. Եւ դու նորանց ժառանգութիւն ես տալու։ Եւ քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է, նա քեզ հետ է լինելու նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. Մի վախենար եւ մի զարհուրիր»։

Տերն ասում է՝ «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր ոչնչից՝ ո՛չ մարդուց, ո՛չ ծառայությունից, որովհետև քո առջևից գնացողը նույն Ինքը՝ Տերն է»:

Հեսու 1.8-9 – «Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռուանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես,որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես: Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս»:

Այս խոսքերը մեծագույն օրհնություն են: Յուրաքանչյուր հովվի համար մեծագույն օրինակը Հիսուս Քրիստոսն է: Շատ անգամ մարդիկ խուսափում են հովիվ կոչվելուց՝ ձգտելով այլ կոչումների և անունների, սակայն Հիսուսն ինքը մեր հովիվն է և Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր հովիվ լինի իսկապես օրինակելի ու հոգատար: Ինչպիսի՞ն պիտի լինի հովիվը.

  1. Պետք է լինել օրհնության աղբյուր, որ ծարավածների ծարավը միշտ հագեցնի: Այդպիսի ծառայություն անողը միշտ երկնքից կառնի իր օրհնությունները:

2. Հովիվները միշտ պետք է լինեն Աստծո և մարդկանց ծառաները, ոչ թե գավազան ունեցող պաշտոնյաներ:

3. Հովիվները պիտի Տիրոջից առած պատգամները քաջությամբ և համարձակությամբ խոսեն և ուսուցանեն, ինչպես Հիսուսն էլ անում էր: Երբեք չպետք է ընտրել միայն այնպիսի թեմաներ, որոնք հաճելի կլինեն մարդկանց լսել. հովիվը պիտի խոսի այն, ինչ իրեն Տերը կասի:

4. Հովիվները պիտի լցված լինեն Սուրբ Հոգով ու զորության կրակով: Եթե այսօր մենք լեցունություն չունենք և չունենք զորությունն ու կրակի ազդեցությունը, մենք մարդկանց ոչինչ էլ չենք կարող տալ:

5. Հովիվները պիտի լինեն Աստվածաշնչի ուսանողները: Այսօր եթե առաջնորդը Աստվածաշունչի խորունկ աշակերտը չի, նա չի կարող ազդեցություն ունենալ: Կարող է մարդկանց ոգևորել, բայց երբեք կյանք չի առաջացնի: Հոգևոր առաջնորդը պետք է լինի Աստվածաշնչի խորացված աշակերտը:

6. Հովիվների համար առաջնայինը պիտի լինի Աստվածաշունչը լուսաբանելը Սուրբ Հոգու և աղոթքի միջոցով: Եթե դու այսօր չես մտնում Տիրոջ ներկայության մեջ ու աղոթքի մեջ չես ուսումնասիրում ամեն մի Խոսքը, այն քեզ համար կլինի ուղղակի գիրք: Հիսուսը տաճարները մտնելով խոսում էր Հոր մասին, և հաճախակի էր բարձրանում սարը՝ աղոթք անելու:

Եթե մենք ուզում ենք ծառայության մեջ տեսնել առաջնայինը, ուրեմն պիտի հստակ իմանանք, որ ունենք օրինակ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

7. Հովիվները Աստծո խոսնակներն են՝ վերից տրված Խոսքով ու գիտությունով: Աստված ուզում է մեր կյանքի մեջ տեսնել այդ ուրախությունը, որ մենք, լինելով Աստվածաշնչի խորունկ ուսումնասիրողները, համարձակ տարածենք Աստծո Խոսքը վերից տրված իշխանությունով:

8. Հովիվները Աստծո պարգևն են եկեղեցու համար: Նույն կերպով մեր Տեր Հիսուսն էլ պարգև էր երկրի վրա և երկրի համար: Հովիվը կկարողանա պարգև լինել այն ժամանակ, երբ կկատարի իր իրական դերն ու կոչումը երկրի վրա, ինչպես որ արեց Տեր Հիսուսը:

Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս թղթերը հրաշալի կերպով խոսում է հովվի և հովվական ծառայության մասին: Կարող եք ուսումնասիրել ավելի խորը:

9. Հովիվները պատասխանատվություն են կրում Աստծո և եկեղեցու առաջ: Հովվական ծառայությունը միայն եկեղեցում չպետք է լինի, այլ նաև դրսում:

10. Հովիվները միշտ պետք է մնան Աստծո դրած սահմանների մեջ և փոփոխական չլինեն: Փոփոխական մարդը որևէ մի տեղ հաջողություն չի ունենում: Մեր Տեր Հիսուսը երեկ, այսօր և հավիտյան նույնն է:

Ա Տիմոթեոս 4.12-16 – « Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով, Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։ Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. որ քեզ տրուեցաւ մարգարէութիւնով երիցութեան ձեռնադրութեամբը։ Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։ Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ…»:

Հովիվները պիտի իմանան նաև իրենց վերաբերմունքը եկեղեցու անդամների նկատմամբ հարգել մեծերին հոր պես, երիտասարդներին սիրել եղբայրների պես, տատիկներին՝ մայրերի պես, դեռահասներին՝ քույրերի պես՝ ամեն կերպ մաքրությունով… Պողոս առաքյալի հատուկ հորդորն էլ Տիտոսին այսպիսին էր՝ հաստատ բռնել Տիրոջ վարդապետությունը ու երբեք չշեղել այն: Վարդապետությունը եկեղեցու կարևոր ուժն է ու ողնաշարը. եթե այն կոտրվեց, եկեղեցին կդառնա անդամալույծ:

Ա Տիմոթեոս 6.11-12 – « Բայց դու, ով Աստուծոյ մարդ, փախիր սորանցից, եւ հետեւիր արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սէրի, համբերութեան, հեզութեան։ Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը, եւ բռնիր յաւիտենական կեանքը որի մէջ կանչուեցար, եւ դաւանեցիր բարի դաւանութիւնը շատ վկաների առաջին»:

26 դիտում