Կիրակնօրյա ծառայություն. Ե՞րբ Աստծո Խոսքը մեզ բավարար չէ. Կարեն Թադևոսյան

Karen

Հարցրու ինքդ քեզ, թե ինչպես եղավ այն դեպքը, երբ դու աղոթեցիր, Աստված խոսեց քեզ հետ, բայց դու չլսեցիր ու չհնազանդվեցիր այդ խոսքին: Ո՞ր դեպքում Աստծո Խոսքը մեզ չի բավարարում. այն ժամանակ, երբ այդ Խոսքը մեր սրտով չի, չի տեղավորվում մեր ծրագրերի ու պլանների մեջ: Երբեմն մարդիկ մոտենում են և խնդրում աղոթել իրենց հետագա ընթացքի համար, իրենց աշխատանքի համար, բայց պարզվում է՝ արդեն մեկնելու տոմսերը գնել է: Արդյոք այդ աղոթքը Աստծո կամքը իմանալու համար էր, թե՞ պարզապես ապահովություն մեր որոշած ծրագրերի համար….

Սիրելիներ, Աստված խոսել գիտի, Նա միշտ խոսում է: Նա կարող է խոսել ամենատարբեր միջոցներով՝ Սուրբ Գրքի միջոցով, մարդկանց միջոցով, երկնքի, բնության ու թռչունների միջոցով էլ: Երկինքը խոսելու խնդիր չունի, երկիրն ունի լսելու խնդիր: Աստված միշտ խոսում է: Մի՛ վախեցիր, հավատքով դիմիր Աստծուն ու հարցրու Նրա կամքն ու Նրա խոսքը: Նա երբեք լուռ չի մնա իրեն սրտանց փափագողի ու փնտրողի համար:

Գեթսեմանի պարտեզում Հիսուսը կամք ուներ՝ բաժակը չխմելու, սակայն դա որոշում չուներ: Նա ուներ կամք, բայց այդ կամքը խոնարհեցրեց Հոր կամքի առաջ: Եթե որոշում ունես արդեն՝ առանց Աստծուց խոսք առնելու, շատ դժվար կլինի հետ դառնալ: Թող վերջնական որոշումն ու կնիքը դնողը լինի Աստված:

Երբ հայտնի է Աստծո Խոսքը, ուրիշ խոսքեր մի փնտրիր այլևս: Վստահեցնում եմ, որ դու կգտնես քո ուզածը համացանցում, դու կարող ես կերակրել քո սխալ ցանկությունն ու քաղցը: Երբ որ մարդը չի բավարարվում Աստծո Խոսքով, նա փորձելու է սխալ կերպերով լրացնել իր ցանկությունները:

Առակաց 3. 5 – «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր»:

Կա՞ մեկը, որ չի վստահում իր հասկացողությանը, ինքն իրեն:

Երբ որ հաճելի առաջարկություն է լինում, ինչպես ենք մենք վարվում: Թվոց 22-ում Բաղաամի պատմությունն է, ում կանչում է թագավորն ու խոստանում հրաշալի վարձատրություն: Երբ Մովաբի իշխանները Բաղաամի մոտ էին, Աստված եկավ և հարցրեց Բաղաամին՝ ովքե՞ր են այդ մարդիկ և ինչո՞ւ են եկել: Բաղաամն ասաց, որ իրեն կանչում են՝ անիծելու: Աստված արգելեց Բաղաամին գնալ և անիծել, որովհետև Իսրայելն օրհնված էր: Աստծո Խոսքը շատ պարզ էր. չգնաս և չանիծես:

Ա Թագավորաց 15.29 – «Նաեւ Իսրայէլի Ապաւէնը սուտ չի խօսիլ եւ չի զղջալ. Որովհետեւ նա մարդ չէ՝ որ զղջայ»:

Միշտ հույսդ դիր Աստծո վրա և քո որոշումներում վերջին խոսքը թող լինի հենց Աստծո Խոսքը:

Բաղաամը մերժում է իշխանավորներին, սակայն առաջարկը շարունակվեց, և Բաղաամը թուլացավ. նա ցանկանում էր լսել, թե Տերն ՈՒՐԻՇ ինչ կասի: Սա է եկեղեցիների բաժանման ու խռովությունների խատճառը: Մենք ուզում ենք Աստծուց լսել ՈՒՐԻՇ պատգամ, այնպիսի խոսք, որ ձեռնտու կլինի մեզ ու ավելի հաճելի:

Թվոց 22.20 – «Եւ Աստուած գիշերը Բաղաամի մօտ եկաւ եւ ասեց նորան. Եթէ մարդիկը քեզ կանչելու գան, վեր կաց նորանց հետ գնա. բայց ինչ որ քեզ հետ խօսեմ՝ միայն այն անես»:

Երբ որ մարդը փնտրում է ուրիշ խոսք, ցավոք, նա անպայման կգտնի: Այստեղ վտանգը այն է, որ Աստծո Խոսքը քեզ չի բավարարում ու դու սկսում ես փնտրել այլ բաներ:

 

19 դիտում